23 փետրվարի 2018 - 10:51 AMT
Նալբանդյան. Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի որոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերն ընդունելու որոշումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ըստ Նալբանդյանի, այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։

Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։