Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի ընդունումը: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է երկրի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը», -նշվում է հայտարարության մեջ:
Երկրի ԱԳՆ դարձյալ հիշատակում է «Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանությունը»: «Մի երկրի խորհրդարանի որոշում, որի աչքի առաջ նման բան է կատարվել, տեղ չունի պատմության և արդարադատության մեջ», - ասված է հայտարարության մեջ:
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևը: Դրանք համահեղինակել է «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ուորդեվինդը։
Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ: Առաջինը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդերլանդների որևէ նախարար կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ապրիլին։