23 փետրվարի 2018 - 11:08 AMT
Բակո Սահակյան. Բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին: Արցախյան գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան զինվորներ, սպաներ, գեներալներ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած վետերաններ, այդ սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկներ: Հավե՜րժ փառք ու պատիվ Հայրենիքի նվիրյալներին:

Մենք հպարտ ենք մեր քաջարի զինվորի բազկի և ոգու ուժով, հպարտ ենք, որ ունենք պատերազմի բովում թրծված ու կայացած, հզոր ու հաղթական բանակ, որն անառիկ է պահում հայրենի երկրի սահմանները և միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության:

Հպարտ ենք և այսուհետ էլ կանենք ամեն հնարավորը մեր երկրի պաշտպանունակության ու ժողովրդի անվտանգության շարունակական ամրապնդման, խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք», -ասված է Բակո Սահակյանի ուղերձում, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: