23 փետրվարի 2018 - 11:40 AMT
Վարչապետ. Հունվարին զբոսաշրջիկների թիվն աճել է 10%-ով

2018 թվականի հունվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է 9,8%-ով: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ-ում հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարաչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարվա փետրվարին արդեն նկատելի է զբոսաշրջության 20% աճ:

2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ:

Վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: