23 փետրվարի 2018 - 14:07 AMT
Բեռլինալեում հայ-գերմանա-բուլղարական ֆիլմի նկարահանման համաձայնագիր է կնքվել

Բեռլինալեի շրջանակներում ընթացող Եվրոպական կինոշուկայում «Տատիկիս վարսերը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի համատեղ արտադրության համաձայնագիր է կնքվել «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն», «ԺելՖիլմ» և «Քլեվըր Պրոդաքշն» կինոընկերությունների հետ:

Հայ-բուլղարա-գերմանական ֆիլմի համաարտադրողները կմիավորեն իրենց երկրների պետական և մասնավոր ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև կինոյին աջակցող միջազգային ֆոնդերի միջոցները՝ ֆիլմի արտադրությունը իրականացնելու նպատակով։

Արտադրության մեջ ներգրավված է միջազգային մասնագիտական թիմ։ Ձայնային մշակումը կիրականացնեն բուլղարացի մասնագետները։ Թվային հետարտադրությունը կարվի Գերմանիայում։ Հայ ճանաչված դերասաններ՝ Սոս Ջանիբեկյանին, Դիանա Մալենկոյին, Հռիփսիմե Նահապետյանին, Վահագն Մարտիրոսյանին կմիանան բուլղարացի գործընկերները։

«Տատիկիս վարսերի» 2018-ի նկարահանումները կսկսվեն ամռանը՝ Հայաստանում, Լոռու մարզում, կշարունակվեն Բուլղարիայում։ Փոքր հատված կնկարահանվի նաև Գերմնիայում։ Ֆիլմը էկրան կբարձրանա 2019ին։