23 փետրվարի 2018 - 16:51 AMT
Գիտնականներն ուզում են մահացած մարդկանց պատճեն ռոբոտներ ստեղծել

Շվեդիայի գիտնականները մտադիր են մահացած մարդկանց թվային պատճենները ստեղծել: Հետագայում նախատեսվում է այդ ռոբոտներին կյանքից հեռացած մարդկանց արտաքինին նմանեցնել:

Այժմ Fenix թաղման բյուրոն կամավորների է փնտրում, որոնք կհամաձայնվեն իրենց մահացած բարեկամների կերպարների ստեղծմանը, հայտնում է Lenta.ru-ն Dagen-ի վրա հղումով:

Սկզբնական փուլում նախատեսվում է արհեստական ինտելեկտի օգնությամբ վերստեղծել մահացած անձի ձայնը՝ սովորեցնելով համակարգչային ծրագրին պատասխանել տարրական հարցերին, օրինակ, թաղման կազմակերպման մասին: Հետագայում մահացած հարազատի ձայնը կպատասխանի եղանակի և շրջապատի մասին ամենապարզ հարցերին:

Գիտնականներն ասում են, որ մոտ 30 տարի առաջ հարազատները հանգուցյալներին հիշելու համար մի քանի լուսանկար ունեին: Այսօր արհեստական ինտելեկտի շնորհիվ հնարավոր կլինի մի քիչ խոսել համակարգչային ծրագրի հետ՝ պատկերացնելով կյանքից հեռացած հարազատին:

2017-ի նոյեմբերին SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը կարող է միջուկային զենքից վտանգավոր լինել: