26 փետրվարի 2018 - 15:55 AMT
Իրաքում 15 թրքուհի է դատապարտվել մահապատժի ԻՊ-ին սատարելու համար

Իրաքի դատարանը փետրվարի 25-ին Թուրքիայի 15 կին քաղաքացու է դատապարտել մահապատժի ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու համար: Նրանք կախաղան կբարձրանան: Եվս մեկ թրքուհի դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 20-50 տարեկան այդ կանայք Իրաք են մեկնել՝ հետևելով ամուսիններին, որոնք մասնակցում էին մարտական գործողություններին ԻՊ շարքերում:

Մեղադրյալներն օգնել են ահաբեկչական կազմակերպությանը լոգիստիկայի և ահաբեկչությունների իրականացման հարցում: Բոլոր կանայք ընդունել են իրենց մեղքը: Նրանք մեկ ամիս ունեն դատավճիռը բողոքարկելու համար, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Ըստ Իրաքի իրավապահ մարմինների, երկրում 509 օտարազգի կին է ձերբակալվել 813 երեխայի հետ, նրանցից մոտ 300-ը Թուրքիայից են: