13 մարտի 2008 - 18:10 AMT
Ռոբերտ Քոչարյան. Երեւանում իրավիճակը կայունանում է
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանով պայմանավորված խնդիրները: Նախագահ Քոչարյանի խոսքով, ցավոք, հնարավոր չեղավ խուսափել իրադարձությունների անցանկալի զարգացումից եւ պետությունը ստիպված եղավ իրադրությունից թելադրված որոշակի քայլեր ձեռնարկել վիճակը կարգավորելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, կարեւորել են իրադրության շուտափույթ կարգավորման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ներկայուս մայրաքաղաքում իրավիճակը հանգիստ է, կայունանում է եւ դրանից ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն արդեն երկու անգամ մեղմացվել են: