26 փետրվարի 2018 - 16:58 AMT
Ամերիաբանկը $11,5 մլն-ի ֆինանսավորում է ներգրավում Սիմբիոտիքսից

Ամերիաբանկը և «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են $11,5 մլն-ի հիմնական վարկային պայմանագիր Սիմբիոտիքսի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար նախատեսված պարտատոմսերի ծրագրի շրջանակում՝ հետագայում ֆինանսավորման գումարը ևս $10 մլն-ին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ ՀՀ դրամով:

Վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել ի դեմս Սիմբիոտիքսի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Սիմբիոտիքսի ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերն ասել է, որ իրենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմք դնել այնպիսի հեղինակավոր և նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է:

«Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակներում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը», - ասել է նա: