27 փետրվարի 2018 - 15:49 AMT
ԱԺ-ն փետրվարի 28-ին կընտրի բարձրագույն դատական խորհրդի անդամներին

Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը կկայանա փետրվարի 28-ին ժամը 10:30-ին: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

Քվեարկությունը կտևի մեկ ժամ։ Ընտրություններից անմիջապես հետո ԲԴԽ անդամները երդվելու են։

Կոալիցիայի մաս կազմող խմբակցությունները՝ Հանրապետական և Դաշնակցություն, առաջադրել են ԲԴԽ-ում իրենց թեկնածուներին: Նրանք են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը և Փաստաբանական դպրոցի դասախոս, Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը։