27 փետրվարի 2018 - 17:16 AMT
Յուրի Հովհաննիսյանը ՌԴ Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը կստանա

ՌԴ Գիտությունների ակադեմիան իր բարձրագույն պարգևը՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալը 2017թ. համար շնորհել է հայտնի ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին: Որոշումը կայացվել է փետրվարի 27-ին ՌԳԱ նախագահության նիստում:

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ավագ ղեկավար Յուրի Հովհաննիսյանը պարգևին արժանացել է «բարդ միջուկների փոխազդեցության ոլորտում հիմնարար հետազոտությունների և գերծանր տարրերի «կայունության կղզիների» գոյության հիպոթեզի էքսպերիմենտալ հաստատման համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեդալը շնորհվում է 1959-ից ի վեր մեկ ռուսաստանցի և մեկ օտարերկրյա գիտնականի բնական և հումանիտար գիտությունների ոլորտում ականավոր աշխատությունների համար:

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը Ավագների խորհուրդ է ստեղծել ավագ սերնդի գիտնականների մասնակցությամբ: Մարմինը խորհրդատվական կիրառություն է ունենալու: Խորհրդում ընդգրկվել է 18 գիտնական, այդ թվում հայազգի Յուրի Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Չուբարյանը: Խորհուրդը կարող է ներգրավել իր աշխատանքում Ակադեմիայի անդմաներին, պրոֆեսորներին և աշխատակազմի անդամներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը:

Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք:

Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է կիրառական նշանակության հետազոտություններ՝ միջուկային թաղանթների ստացման տեխնոլոգիայի, ռադիոբժշկական ախտորոշման համար մաքուր իզոտոպների արտադրության մշակման բնագավառներում, նախագծել և կառուցել է կոմպակտ էլեկտրոնային արագացուցիչներ (միկրոտոններ)՝ կարճ կյանքի տևողությամբ իզոտոպների արտադրության համար։