27 փետրվարի 2018 - 18:53 AMT
Zangi-ն՝ հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառման մասնակից

Հայկական արտադրության Zangi մեսենջերը ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն՝«GSMA- շարժական աշխարհ» միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Այն անցկացվում է Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Zangi հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում:

Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն այս միջոցառմանը Zangi-ն մասնակցում է երկրորդ անգամ:

«GSMA-շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին յուրաքանչյուր տարի ներկա են լինում աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող հեռահաղորդակցության ընկերությունների ղեկավարներ: