28 փետրվարի 2018 - 12:37 AMT
Տիրոջ դամբարանի տաճարը բացվել է 3 օրվա բողոքի ակցիայից հետո

Երուսաղեմում գտնվող Քրիստոսի հարության, կամ ինչպես ավելի հայտնի է հանրությանը՝ Տիրոջ դամբարանի տաճարը կրկին բացել է դռները հավատացյալների համար 3 օր որպես բողոքի նշան փակ մնալուց հետո:

Փետրվարի 26-ին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները, ի նշան քաղաքային իշխանությունների՝ քրիստոնեական եկեղեցիներից անշարժ գույքի դիմաց հարկեր վճարելու պահանջի դեմ բողոքի, ուխտավորների և զբոսաշրջիկների համար փակել էին Տիրոջ դամբարանի տաճարը:

Նույն օրը Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բաքատը հայտնեց, որ քրիստոնյա եկեղեցիների ընդհանուր պարտքը կազմում է 650 մլն շեկել՝ ավելի քան 185 մլն դոլար: Ըստ նրա, խոսքը կոմերցիոն շենքերի մասին է՝ հյուրանոցների, ծառայողական տարածքների, որոնք չեն ազատվում գույքահարկից անկախ այն հանգամանքից, թե ով է սեփականատերը:

Փետրվարի 27-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բինյամինմ Նեթանյահուի գրասենյակից հայտնեցին, որ իրավիճակը շտկելու համար հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի նախարար Ցախի Հանեգբիի գլխավորությամբ, ֆինանսների նախարարության, ԱԳՆ, ՆԳՆ և Երուսաղեմի քաղաքապետարանի մասնակցությամբ: Խումբը կբանակցի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ այդ ընթացքում հարկերի հավաքումը, որը սկսվել էր մի քանի շաբաթ առաջ, կկասեցվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները, այդ թվում ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ «վարչապետի կառուցողական միջամտությունից հետո անհամբեր հանդիպման են սպասում Հանեգբիի և բոլոր նրանց հետո, ով սիրում է Երուսաղեմը, և ազդարարեցին փետրվարի 28-ի վաղ առավոտյան Տիրոջ դամբարանի տաճարը բացելու մասին»: Երուսաղեմի երեք իրավատեր եկեղեցիները գույքահարկից ազատված են եղել դարեր շարունակ: