28 փետրվարի 2018 - 10:49 AMT
Նալբանդյան. Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի՝ ձգտելով կոծկել հայերի դեմ ոճրագործությունները

Փետրվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի ամբիոնից խոսել է 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերից՝ նշելով, որ Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից:

Նա մասնավորապես հիշեցրել է, որ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Նա նշել է, որ բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագությունների պատճառով էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը գրեց` «Եթե մինչև Սումգայիթն որևէ մեկի մոտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ բարոյական հնարավորություն չմնաց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային միավորման վրա պնդելու համար»:

Նախարարը հավելել է, որ սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում, Եվրախորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձևի ընդունմամբ: Նա նշեlլ է,սակայն, որ ցավոք, այս հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում։

«Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառյալ այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ։

Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և շատ այլ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ և որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ, ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները»,-ասել է Նալբանդյանը։

Խոսելով միջազգայնորեն չճանաչված կարգավիճակներով տարածքների բնակչության նկատմամբ խտրականության դրևորման անթույլատրեիլության մասին, նախարար Նալբանդյանն ասել է. «Երբ առկա է կյանքի անմիջական սպառնալիք, առաջնային նշանակություն է ձեռք բերում հակամարտության գոտում բնակվող անձանց համար ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների և հատուկ ընթացակարգերի հասանելիության ապահովումը, մարդասիրական օգնության տրամադրումը:

Զավեշտալի է, երբ զանգվածային հանցագործություններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց թույլտվությունը ստանալու շուրջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ։

Համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու անհատական և հավաքական իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը չպետք է պայմանավորված լինի տարածքի կարգավիճակով, ուր բնակվում է ժողովուրդը: Սա պետք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են Հռչակագրի համընդհանուր կիրառմանը՝ առանց որևէ «գորշ գոտիներ» թողնելու այնտեղ, որտեղ մարդիկ զրկված են իրենց իրավունքների իրականացման համար միջազգային աջակցությունից: Ուշացած արձագանքը, իրավիճակի հետաձգված դիտարկումը, կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը հռչակված հանձնառությունների և տեղում դրանց իրականացման միջև առկա բացթողումներն են: Հիրավի, «իրավունքի կիրառման հետաձգումը իրավունքի մերժումն է», հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ: