28 փետրվարի 2018 - 11:27 AMT
Երևանում մարտի 1-ին տագնապի ազդանշան է հնչելու. Խուճապի չմատնվեք

Մարտի 1-ին` ժամը 14:30-ին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Տերյան 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով, որի ժամանակ գործարկվելու է ազդարարման շչակ և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի ազդանշան:

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման» կարգախոսի ներքո:

ԱԻՆ-ը հորդորում է ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն են. ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Մտահղացման համաձայն՝ հակառակորդը խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ համայնքները: Տեղեկություն կա, որ հակառակորդը սահմանին կուտակում է հրթիռային համակարգեր: Ռմբակոծվել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքը։ Ռմբակոծության հետևանքով մասնաշենքը զգալիորեն վնասվել է, առաջացել են հրդեհի օջախներ և փլուզումներ, շարքից դուրս է եկել կոմունալ-էներգետիկ համակարգը, առկա է քիմիական աղտոտվածության վտանգ և կան տուժածներ: