28 փետրվարի 2018 - 11:48 AMT
Բրյուսելում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Փետրվարի 25-ին Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 27-29-ին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ։

Պատարագին ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության և ՆԱՏՈ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչության դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պատարագից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ Բելգիայի հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք և ծաղկեպասկների տեղադրման արարողություն։

Փետրվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի ամբիոնից խոսել է 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերից՝ նշելով, որ Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից: