28 փետրվարի 2018 - 14:47 AMT
Բեռլինում և Վաշինգտոնում Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումներ են անցկացվել

Փետրվարի 24-ին Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ է ունեցել Բեռլինում կայացած միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները։

Արցախի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ղարաբաղյան շարժման իրավական ասպեկտներին։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին ու քաղաքական զարգացումներին։

Փետրվարի 25-ին Վաշինգտոնի Սբ. Խաչ հայկական եկեղեցու սրահում տեղի է ունեցել ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Իր խոսքում Արցախի մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։

Ռոբերտ Ավետիսյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության կեցվածքին, Արցախի Հանրապետությունում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ջարդերի 30-ամյակի կապակցությամբ բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:Ակցիան անցել է StopAliyev նշանաբանով: