28 փետրվարի 2018 - 12:38 AMT
Ինժեներական քաղաք կստեղծվի. Նպատակը՝ ՀՀ-ն տեխնոլոգիական գլոբալ արտահանող դարձնելն է

Հայաստանում ինժեներական քաղաք կստեղծվի. մեկ վայրում կտեղակայվեն և կկենտրոնացվեն ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները և հաստատությունները: Համապատասխան հայեցակարգը քննարկվելու է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում:

Նպատակը՝ ՀՀ-ն տեխնոլոգիական գլոբալ արտահանող դարձնելն է

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաև տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումների համար:

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն և կիրագործեն նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:

Ծրագիրը բաղկացած է ենթակառուցվածքային և բովանդակային բաղադրիչներից

Առաջին բաղադրիչի ներքո նախատեսվում է ստեղծել արդիական ենթակառուցվածք` բաղկացած Ինժեներական բիզնես աքսելերատորից և Համատեղ աշխատանքային տարածքից, Ինժեներական կենտրոնից, Ինժեներական քաղաքում տեղակայվելիք 35-40 ընկերությունների շենքերից: Երկրորդ բաղադրիչը ներառում է 3 ուղղություն` լաբորատորիաների, արհեստանոցի և փոքր չափաքանակներով նմուշային արտադրության արտադրամասի ծրագիր, աքսելերացիոն ծրագիր, «Համակարգերի ճարտարագիտություն» բազային ամբիոն` իր ուսումնական ծրագրերով, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներքո:

Քաղաքի հասցեն՝ Երևանի Բագրևանդ փողոց

Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3.0 հա մակերեսով հողամասը: Տարածքի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հողամասից ոչ հեռու ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի ու Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները:

Նոր աշխատատեղեր և կազմակերպություններ, բարձրակարգ մասնագետներ

Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի իրականացման արդյունքում կանխատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում: Ակնկալվում է նաև, որ առաջիկա մի քանի տարում 40%-ով կազմակերպությունների արդյունավետության բարձրացում, 30%-ով արտահանման ծավալների աճ կգրանցվի:

Ծրագիրն իրականացումը՝ պետություն-մասնավոր գործակցությամբ

Քաղաքի ստեղծման համար նախատեսվում է մոտ $21,2 մլն-ի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը` մինչև $10,5 մլն, նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով: Մնացած 50%-ը կներառվի «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի կողմից: Նախատեսվում է, որ ծրագիրն ինքնածախսածածկ կդառնա գործունեության 4-րդ տարում: