28 փետրվարի 2018 - 13:20 AMT
Հունվարին արտահանումն աճել է 45%-ով, ներմուծումը՝ 49%-ով

2018 թվականի հունվարին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 45,2%-ով՝ կազմելով $176,7 մլն: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է մոտ 49%-ով` կազմելով $327,5 մլն:

Ընթացիկ տարվա հունվար ամսին աճել է նաև առևտրաշրջանառությունը ՝ 47,6%-ով:

2018 թվականի հունվարին աճել է Հայաստանից արտահանվող հանքահումքային արտադրանքի ծավալը՝ 41,2%: Մոտ 2 անգամ աճել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների արտահանման ծավալը, 2,3 անգամ՝ մանածագործական իրերի արտահանման ծավալը:

14,4%-ով աճել է նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանման ծավալը, 85,2%-ով՝ կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանքինը, թղթի և թղթից իրերինը՝ 85,9%-ով, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերինը՝ 96,6%-ով: