14 մարտի 2008 - 16:47 AMT
Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել պահպանել Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը
Երեկ կայացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորման ենթակոմիտեի լսումներին օրենսդիրները լուրջ անհանգստություն են հայտնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալի առիթով, որը առաջարկվել է ԱՄՆ աշխատակազմի կողմից 2009 ֆինանասական տարվա համար: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջո Նոլենբերգը բարձրացրել են Ադրբեջանին Հայաստանից ավելի մեծ ծավալի ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Ադամ Շիֆը հարցրել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` ինչպես բացատրել աշխատակազմին այն, որ ռազմական կրթության ծրագրերի իրագործման համար Ադրբեջանին ծրագրվում է տրամադրել $900.000, իսկ Հայաստանին` $300.000:

Կոնգրեսականը, մասնավորապես, բոլորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական ծախսերի մեծացմանը, ինչը կարող է Բաքվին Հայաստանից քիչ ռազմական օգնություն տրամադրելու պատճառ դառնալ: Ադամ Շիֆը նկատել է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը հաղթանակ չի տարել պատերազմում եւ որ պատերազմն ինքը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Կոնգրեսականը նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել է նրան, որ ադրբեջանցի նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի անկախանա:
Ջո Նոլենբերգի կարծիքով, դա ոչ միայն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն են, այլ պատերազմի վերսկսման իրական վտանգ, ինչը շատ է անհանգստացնում կոնգրեսականներին: Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքը ամենից լուրջն էր վերջին 10 տարիներին, եւ հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է վերանայի Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելն ընդհանրապես:

«Մենք պետք է դադարեցնենք կամ նախազգուշացնենք, որ կարող ենք դադարեցնել ֆինանսական օգնություն տրամադրել Ադրբեջանին, մինչեւ Բաքուն վերջ չտա իր սպառնալիքներին Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Ջո Նոլենբերգը, հավելելով, որ լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Կոնգրեսականը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ միասին դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը ԼՂՀ ԶՈՒ հետ շփման գծում:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին` Ջո Նոլենբերգը հայտարարել է, որ այս դժվարին պահին ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու համար: Կոնգրեսական Ադամ Շիֆը իր հերթին հավելել է, որ Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատման հիմնավորումը երկրում տիրող ներքաղաքկան իրադրությամբ չի կարգավորի գոյություն ունեցող խնդիրները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ աշխատակազմի կողմից Հայաստանին 2009 թվականի համար առաջարկվող օգնությունը` $24 մլն, փաստորեն 60 տոկոսով քիչ է 2008 թվականին տրամադրված օգնությունից: ԱՄՆ աշխատակազմի կողմից առաջարկված բյուջեի նախագիծը նաեւ խախտում է Կոնգրեսի 2001 թվականի որոշումը` Հայաստանին եւ Ադբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության մասին: