1 մարտի 2018 - 15:38 AMT
ANCA-ն խնդրում է ԱՄՆ-ին $70 մլն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) բաց նամակով դիմել է ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովին, որը որոշելու է 2019 ֆինանսական տարվա հատկացումերի քանակը: Հանձնախումբը խնդրում է որպես օգնություն 70 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին:

Գումարը հատկացվելու է Արցախի ականազերծման և վերականգնման, շփման գծում կրակոցների լոկատորների տեղակայման վերաբերյալ Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման, ԱՄՆ և ՀՀ միջև տնտեսական և ռազմական կապերի ընդլայնման համար, ինչպես ՀՀ-ին աջակցության համար որպես Մերձավոր Արևելքից փախստականներին ընդունող երկիր:

Մասնավորապես, $6 մլն կուղղվի Արցախի ականազերծման և վերականգնման համար, $4 մլն Արցախում խաղաղության պահպանմանը, $30 մլն որպես տնտեսական և $10 մլն որպես ռազմական օգնություն Հայաստանին, իսկ $20 մլն-ն առաջարկվում է ուղղել փախստականների ընդունման հետ կապված խնդիրների լուծմանը:

Հանձանխումբը խնդրում է նաև կասեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

Բաց նամակը ԱՄՆ Սենատի հանձնախմբին է ուղղել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի գծով տնօրեն Րաֆֆի Կարակաշյանը:

2016-ի փետրվարին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել էր ԱՄՆ իշխանություններին՝ պահանջելով ավելացնել ՀՀ-ին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը, ամրապնդել հայ-ամերիկայն առևտրային կապերը: