Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հրապարակել է ՌԴ հավաքականի կազմը, որը մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Կանանց մենասահքում ՌԴ-ն կներկայացնի նաև Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան):
Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում: Գեղասահքի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19-25-ը և պաշտոնապես կեզրափակի օլիմպիական մարզաշրջանը:
Մեդվեդևայից բացի մենասահքում հանդես կգան նաև Ալինա Զագիտովան և Մարիա Սոտսկովան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան (Բաբասյան) գլխավորել է «Մեդիալոգիայի» վարկանիշը որպես ռուսական ԶԼՄ-ներում Փհենչհանի Օլիմպիադայի ամենահիշատակվող մասնակից:
Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: