1 մարտի 2018 - 15:04 AMT
Մեդվեդևա․ Հայկական արյուն ունեմ, բայց ինձ ավելի շատ ռուս եմ զգում

Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիադայի կրկնակի արծաթե մրցանակակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) խոստովանել է, որ թեև հայրը, Արման Բաբասյանը, հայ է, նա իրեն ավելի շատ ռուս է զգում:

Մանկական մրցաշարերում Եվգենիան հանդես էր գալիս Բաբասյան ազգանունով, սակայն, ավելի ուշ վերցրել է տատի օրիորդական ազգանունը:

«Սկսեմ նրանից, որ արյունս ոչ ոք չի փոխել: Հայրս հայ է: Բայց հայկական մշակույթին ես այնքան էլ ծանոթ չեմ»,-ասել է Մեդվեդևան, հայտնում է «Ռ-Սպորտը»:

Նա հավելել, որ առիթ չի եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ուղեկցությամբ ծրագիր կատարել: Բացի այդ, գեղասահորդուհին խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում հայկական խոհանոցը, և իրեն ավելի շատ ռուս մարդ է զգում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեդվեդևան մասնակցելու է Միլանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: