2 մարտի 2018 - 11:45 AMT
Թուրքական դատարանը բեկանել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը

Թուրքիայի Գերագույն վարչական դատարանը բեկանել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը:

Դիարբեքիրում քրդերի հետ բախումներից հետո Թուրքիայի կառավարությունը 2016-ի մարտի 21-ին որոշել էր պետականացնել Դիարբեքիրի Սուր շրջանի մի հատվածը, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Կիրակոս, քաղդեական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Սուրբ Աստվածածին և բողոքական եկեղեցիները, հայտնում է Ermenihaber-ը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը գերագույն վարչական դատարանում բողոքարկել էր նախարարների խորհրդի որոշումը: Դատարանն էլ կառավարության որոշումը չեղարկելու վճիռ է կայացրել՝ հղում անելով սեփականության իրավունքի պաշտպանության գործերով Սահմանադրական և Մարդու իրավունքների եվրոպական դատարաների (ՄԻԵԴ) կայացրած վճիռներին:

Դատարանը գործի քննության ընթացքում հարցադիմում էր ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարություն՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եկեղեցու պետականացման պատճառների, հետագա շահագործման նպատակների մասին: Սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել դատարանի հարցմանը:

Եկեղեցին թուրք-քդական բախումների ժամանակ մեծ վնաս էր կրել և 2015 թվականից փակ է մինչև այսօր: Եկեղեցու տարածք մուտքն արգելված է, քանի որ այն գտնվում է անվտանգության ուժերի հսկողության տակ: