Ռուսաստանի բնակիչներին Փհենչհանի Օլիմպիադայի ժամանակ բոլորից շատ հիացրել է գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Այդ են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքները:
Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում 2 արծաթե մեդալ է նվաճել՝ անձնական և թիմային մրցումներում:
Մեդվեդևան ստացել է հարցման մասնակիցների ձայների 37%-ը:
Ռուսաստանցիների 33%-ը հպարտություն է զգացել հոկեիստների հաղթանակից, որոնք եզրափակչում հաղթեցին Գերմանիային 4:3 հաշվով: 27%-ը հիացել է գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի ելույթներով, որը ոսկի և արծաթ է նվաճել Օլիմպիադայում:
Լուրջ հիասթափություն ռուսաստանցի երկրպագուները չեն ապրել՝ 77%-ը դժվարացել է նշել մարզիկների, որոնց ելույթից շատ դժգոհ է մնացել:
Օլիմպիադայի անցկացման օրերին սոցցանցերում ամենահիշատակված մարզաձևերն են եղել հոկեյը՝ 695.000 գրառում, և գեղասահքը՝ 145.600 գրառում, գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանցի մարզիկները, որոնք հանդես էին գալիս Օլիմպիադա-2018-ում չեզոք կարգավիճակում, նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 6 արծաթ և 9 բրոնզ:
Փետրվարի 23-ին Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան էր: