3 մարտի 2018 - 10:41 AMT
Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ լիովին նվիրվելու գործին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, որը Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ:

«Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու ՀՀ նախագահի պարտականությունները:

Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Նա նշել է, որ ընտրվելուց առաջ ժամանակ է ունեցել ոչ միայն մտածելու, այլ նաև գործելու՝ հանդիպելու հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու և՛ ղեկավարությանը, և՛ առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների:

«Ավարտելով այդ հանդիպումները և այսօր ընտրվելով ՀՀ հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ և առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես ՀՀ երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ կատարել եք: Սա ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի և մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը և փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի շատ ավելի խորը հարաբերությունները և պայմանավորվածությունները Եվրամիության հետ, մասնակցությունը նոր բազմաթիվ միջազգային կառույցներին և, ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող նոր դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային և մեծ լավատեսություն են ներարկում, որ ապագա տարիները լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ:

«Պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին Սահմանադրությամբ նախատեսված նախագահական գործունեության սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով և իմ փորձառությունը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարևոր գործին: Գործի, որը իրականում նաև շարունակությունն է Հանրապետության առաջին, երկրորդ և Ձեր նախագահության տարիների»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: