3 մարտի 2018 - 14:56 AMT
ՀՀ նոր վարչապետին կընտրեն թեկնածուների առաջադրման հաջորդ օրը՝ ապրիլի 17-ին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջարդ օրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը հապճեպ ընդունել է նախագիծը, որը վարչապետի ընտրությունը, ըստ ԱԺ նախկին կանոնակարգի, մայիսի 2-ից տեղափոխում է ապրիլի 17:

ԱԺ կանոնակարգ օրենքի հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը: Այդ օրն Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: