5 մարտի 2018 - 11:28 AMT
Հայաստանը խստացնում է Եմենի քաղաքացիների մուտքը երկիր

Կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Եմենի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացում: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տասնամյակում Եմենում ներքաղաքական իրավիճակի լարվածությամբ: Որոշման նախագիծի նպատակն է ներկա պայմաններում հնարավորինս սահմանափակել Եմենի քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստան:

Նախագիծը մշակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Եմենում 2014 թվականին ներքաղաքական լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիան առ այսօր ռազմական գործողություններ է վարում երկրի մեծ մասը վերահսկող շիա հուսիթների դեմ: Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբհուսիթները գրոհեցին Ադեն հարավային քաղաքն ու ստիպեցին Եմենի նախագահ Աբդ Ռաբբ Մանսուր Հադիին փախչել երկրից: Հադին հրաժարական տվեց 2015-ի հունվարին, երբ հուսիթները իրենց հսկողության տակ առան Սանայի մեծ մասը:

Ավելի ուշ նախագահը փախավ հայրենի Ադեն, որտեղ զորք հավաքեց ու հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իշխանությունից իր հեռանալը: Սակայն առաջին իսկ մարտերում Հադիի կողմնակիցները պարտվեցին ու ապստամբները լայնածավալ հարձակում սկսեցին:

Իրավիճակի կտրուկ վատթարացում է սպասվում նաև ներքաղաքական անհամաձայնությունների ներքո 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի սպանությունից հետո: Հնարավոր են նոր բախումներ, զինված ընդհարումներ»