5 մարտի 2018 - 11:53 AMT
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հվ. Կորեայի քաղաքացիներն առանց վիզա ՀՀ կայցելեն

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված երկրների քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Նշվում է նաև, որ Հայաստանն այս երկրները դիտարկում է որպես Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հեռանկարային գործընկերներ:

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: