5 մարտի 2018 - 12:54 AMT
Վահրամ Բաղդասարյան. Եթե թիմը որոշի, Սերժ Սարգսյանը պետք է ենթարկվի և վարչապետ դառնա

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում, որոշումը պետք է կայացնի թիմը, իսկ անձը՝ ենթարկվի: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով 2014-ին Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը։

«Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ՝ Բաղդասարյանը արձագանքել է. «Բա իհարկե»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն ասել է, որ նման որոշում իրենք չունեն:

«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», - նշել է նա։

Անդրադառնալով, այն հարցին, թե արդյոք ԵԼՔ-ին կհաջողվի տասնյակ հազարավոր մարդկանց հավաքել, որոնք դեմ կլինեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ Բաղդասարյանը նշել է. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ըննդիմության կազմակերպած ցույցերին ու անել հետևություններ»։

Վահրամ Բաղդասարյանը նաև նկատել է, որ այնպիսի տպավորություն է, թե ԵԼՔ-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել։

«Անակնկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք», - հավելել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջարդ օրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, խորհրդարանական մեծամասնությունը հապճեպ ընդունել է նախագիծը, որը վարչապետի ընտրությունը, ըստ ԱԺ նախկին կանոնակարգի, մայիսի 2-ից տեղափոխում է ապրիլի 17: