5 մարտի 2018 - 13:21 AMT
Տաթևիկ Հովհաննիսյանը համերգ կտա Մոսկվայում

Հունիսի 2-ին Մոսկվայում համերգով հանդես կգա հայտնի ամերիկահայ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Ծրագրում, որը նա կներկայացնի իր նյույորքյան թիմի հետ, կհնչեն մեծ կոմպոզիտորներ Գերշվինի, Ժոբիմի, Էլինգթոնի ջազային ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական մեղեդիները երգչուհու հեղինակային գործիքավորմամբ, հայտնում է essemusic.ru-ն:

Համերգը տեղի կունենա Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը: Սա երգչուհու 2-րդ մեծ համերգն է Մոսկվայում վերջին 15 տարում:

«Էլլան Երևանից» կամ «Խորհրդային Միության լեդի Ջազը»՝ այսպես էին անվանում Տաթևիկ Հովհաննիսյանին, որը հայտնվեց ջազի ասպարեզում 1980-ականների վերջում: Նրա հայտնվելը տպավորիչ էր ոչ միայն ԽՍՀՄ երաժիշտների և հանդիսատեսի համար: Շուտով նա յուրային դարձավ նաև ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, որտեղ, ըստ Հովհաննիսյանի, «ջազ երաժիշտ լինելն արդեն մարտահրավեր է»: Սակայն Տաթևիկը պատվով ընդունեց այդ մարտահրավերն ու ապացուցեց, որ այդ խնդիրն իրագործելի է:

Տաթևիկ Հովհաննիսյանը հանդես է եկել համաշխարհային ջազի հսկաների՝ Մայլս Դևիսի, Ռեյ Չարլզի, Օսկար Փիթերսոնի, Բեթթի Քարթերի և Կարմեն Մաքրայի հետ: Ջազի ոլորտի քննադատությունը գերված է ջազային իմպրովիզացիաներին նրա զգայուն և նուրբ մոտեցմամբ: Տաթևիկ Հովհաննիսյանին հաջողվել է նաև վարպետորեն օգտագործել հայկական մեղեդիներն իր երգերում և ելույթներում: Listen To My Heart ալբոմում, որը նա ձայնագրել է Sony Classical-ում լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանի ղեկավարությամբ, Տաթևիկը կատարում է հայկական ժողովրդական մեղեդիների ջազային տարբերակները: