5 մարտի 2018 - 16:49 AMT
Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն կբացի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, տարբեր տիտղոսների դափնեկիր, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն կբացի:

«Հայաստանում լավ մարզիկներ կան, որոնք կարող են հաջողությունների հասնել, սակայն նրանց չի խանգարի փորձ ձեռք բերել, օրինակ ԱՄՆ-ում մրցումների ու սպարինգների ժամանակ մեքսիկացի մարտիկների հետ: Բացելով այս ընկերությունը`ես նման հնարավորություն կտամ նրանց», - ասել է Դարչինյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»։

Նա նշել է նաև, որ այն բռնցքամարտիկները, որոնց նա կընտրի, ավելի հեշտ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու հնարավորություն կստանան: Դարչինյանը հավելել է, որ նրանց մրցումները կարող է լուսաբանել ամերիկյան հեռուստատեսությունը:

«Ամերիկյան հեռուստաընկերությունների կողմից լուսաբանելու մրցակցությունը չափազանց մեծ է: Պետք է առնավազն 20 հանդիպում անցկացնել, որպեսզի քեզ նկատեն: Իսկ ես կօգնեմ մեր մարզիկներին նման հնարավորություն ստանալ իրենց պրոֆեսիոնալ կարիերայի ամենասկզբում», - ասել է Դարչինյանը:

Վիկ Դարչինյանը աշխարհի բազմակի չեմպիոն է IBF, WBA, WBC և IBO վարկածներով, աշխարհի բացարձակ չեմպիոն է գերթեթև քաշային կարգում IBF, WBA և WBC վարկածներով։

Ընթերցեք նաև.Դարչինյանը պատրաստ է մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար