15 մարտի 2008 - 15:01 AMT
Թուրքիայի գլխավոր դատախազության գործողությունները, որը գործ է հարուցել ԱԶԿ-ն արձակելու վերաբերյալ, ինքնապաշտպանություն են
Թուրքիայի գլխավոր դատախազության գործողությունները, որը Սահմանադրական դատարանում գործ է հարուցել իշխող Ազատության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ն արձակելու վերաբերյալ, կարելի է որպես ինքնապաշտպանություն գնահատել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, դատա-իրավական բարեփոխումները Թուրքիայում լիովին քեմալականների ձեռքում են: «Նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը նույնպես ԱԶԿ-ի անդամ է, իրավունք ունի դատավորներ նշանակել եւ այդ առումով, այս քայլը սպասված էր:

Ճիշտ է, այդ քայլը խախտում է քեմալականների եւ իսլամիստների միջեւ 2007 թ. ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ձեռք բերված քաղաքական հավասարակշռությունը: Այն ժամանակ համաձայնագիր էր կնքվել ԱԶԿ-ի եւ բանակի միջեւ, որի արդյունքը հանդիսացավ թուրքական զորքերի ներխուժումն Իրաք: Սակայն բյուրոկրատական քեմալական շրջանակները դժգոհ էին այդ փոխզիջումից: Դժվար է կանխատեսել ՍԴ դիմելու հետեւանքները, սակայն Թուրքիայում արդեն նկատվում է զգացմունքայնության բռնկում, հատկապես մամուլում»,-ասել է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը դատավարություն է սկսել երկրի Սահմանադրական դատարանում իշխող իսլամամետ Արդարության եւ զարգացման կուսակցությունն` ԱԶԿ-ի արձակելու վերաբերյալ: Կուսակցությունը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: ԱԶԿ-ն մեղադրվում է պետության աշխարհիկ բնույթի դեմ ուղղված գործունեության եւ կրոնը քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Էրդողանի կուսակցության դեմ դատավարությունը նախաձեռնել է Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչինկայը: Նա, մասնավորապես, նշել է, որ ԱԶԿ-ն «վերածվել է հակաաշխարհիկ գործողությունների օջախի»:

Նշենք, որ ըստ 1923թ. Սահմանադրության, որի հեղինակը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է, երկիրն աշխարհիկ պետություն է եւ կրոնի կիրառումը քաղաքական հարցերում անթույլատրելի է: