6 մարտի 2018 - 10:53 AMT
ԱՄՆ-ում կքննարկեն ՀՀ հետ առևտրի և ներդրումների խթանումը

Մարտի 19-ին ԱՄՆ-ում տեղի կունենա Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Այդ մասին խոսվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ագրոբիզնեսը և այլն։

Սուրեն Կարայանը նշել է, որ ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին զգալի աճ է արձանագրել, և այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, և հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի նիստը:

«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առևտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը և աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը, հայտնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առևտրային ռեժիմին առչվող հարցերին։