6 մարտի 2018 - 11:31 AMT
Փաշինյանը գլխավոր դատախազից պահանջում է հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար։ Այս մասին խմբակցության ղեկավարը տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

«Լսումների ընթացքում պարզվել է, որ մարտի 1-ի գործը քննող քննչական խումբը այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի ու Սեդա Սաֆարյանի զեկույցը», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, պարզվել է նաև, որ նախաքննության մարմինը չի պարզել, թե փաստական ինչ նյութի վրա է հիմնված Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ «մեքենայի հետևից դուր եկող, զինվորների վրա կրակող, այնուհետև դարձյալ թաքնվող ցուցարարների» մասին։

«Այս հայտարարությունը լրջագույն ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա։ Գլխավոր դատախազից պահանջել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվի հարցաքննության և պարզաբանի, թե ինչի վրա էր հիմնված իր այդ տեղեկությունը։ Սա կարևորագույն նրբություն է, և հայ հանրությունը պետք է իմանա, թե որտեղից էր նա այդ տվյալը վերցրել, կամ ով է նրան զեկուցել», - ասել է Փաշինյանը։

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: