6 մարտի 2018 - 15:45 AMT
Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսում

Սաուդյան Արաբիան մեգաքաղաք կկառուցի Եգիպտոսի տարածքում: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդը: Նա հայտարարել է նախագծի մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի հետ հանդիպումից հետո:

Քաղաքը կտեղակայվի Սինայի թերակղզու հարավում: Կստեղծվի 10 մլրդ դոլարի զարգացման հիմնադրամ: Գործարքի մասին հայտարարվել է Եգիպտոսում նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ, որտեղ Աս Սիսին մտադիր է երկրորդ անգամ ընտրվել, գրում է Lenta.ru-ն CNBC-ի վրա հղումով:

2017-ի հոկտեմբերին արքայազնը հայտարարեց Կարմիր ծովի ափին նորարարական NEOM քաղաք կառուցելու մտադրության մասին: Քաղաքի մակերեսը կկազմի 26.000 քկմ և մի քանի կղզու վրա կլինի:

Սկզբնական փուլում քաղաքի կառուցման համար կներդրվի 500 մլրդ դոլար: Նախատեսվում է նաև կամուրջ կառուցել Կարմիր ծովի վրայով, որը կմիացնի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հետ:

NEOM-ը առաջին մեգաքաղաքի նախագիծը չէ Սաուդյան Արաբիայում: Ամենածավալունը պետք է դառնար King Abdullah Economic City նախագիծը, որը ներկայացվեց 2005-ին, սակայն շինարարությունն այդպես էլ ավարտին չհասցվեց: 2015-ի տվյալներով կառուցվել է քաղաքի 15 տոկոսը միայն: