7 մարտի 2018 - 11:21 AMT
Մասիս Մայիլյանը և Կասպրշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը մարտի 6-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաղորդում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: Նա հավելել էր, որ այդ կապակցությամբ 2018 թ․Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ «Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-ասել էր արտաքին գերատեսչության ղեկավարը։