7 մարտի 2018 - 12:19 AMT
Արտահանման և ներմուծման ընթացակարգերի միասնական էլ.հարթակ կստեղծվի

Ապրանքների ներմուծման և արտահանման փաստաթղթերի հայտարարագրման, թույտվության տրամադրման և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցման մեկ միասնական էլեկտրոնային հարթակ կգործարկվի: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան հանձնարարականը տվել է վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի մարտի 6-ի նիստում:

Ըստ վարչապետի, գործող կարգավորումները ժամանակատար են և առաջացնում են դժվարություններ տնտեսվարողների համար:Tradegov.am հարթակը տնտեսվարողների համար կապահովի պետական մարմինների ծառայությունների հանրամատչելի և պարզեցված կարգով իրականացման երաշխիքներ:

«Ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմիններ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը յուրաքանչյուր մարմին իրականացնում է առանձին վարչարարությամբ և որոշակի տևողությամբ, իսկ արձանագրված թերությունների շտկման գործընթացը ըստ մարմնի ևս տարբերվում է՝ ժամանակատար է և առաջացնում է դժվարություններ տնտեսվարողների համար, այդ թվում՝ գործընթացի կանխատեսելիության տեսանկյունից»,- նշել է վարչապետը։

Նա հանձնարարել է լիազոր մարմիններին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գործողությունների ծրագիր՝ նշված ծառայությունների ընդհանուր մատուցումը մեկ միասնական էլեկտրոնային՝ Trade․gov.am հարթակի միջոցով իրականացնելու վերաբերյալ: