7 մարտի 2018 - 12:57 AMT
ՀՔԾ. Ըստ հաղորդումների՝ ոստիկանները կաշառք են պահանջել և բռնություն գործադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այսպես, Գյումրիիբնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 դոլար:

Կատարվում է նախաքննություն:

Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018-ի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող «Բուգատտի » ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան: Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: