7 մարտի 2018 - 13:02 AMT
Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն կստեղծվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին: Այս մասին հայտնում է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիմնավորման համաձայն՝ Լոռու մարզի Անտառաշեն և Լերմոնտովո համայնքներում, մինչև 30 մլրդ դրամ ներդրում կատարելու նպատակով, տարածքի գլխավոր հատակագիծը կնախագծելու համար ընտրվել է Ecosign միջազգային լավագույն կազմակերպությունը:

Ծրագիրը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանն ու մրցունակության բարձրացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, մշակութային բազմազանությանն ու միջմշակութային երկխոսությանը, կստեղծվի ավելի քան 1500 նոր աշխատատեղ:

Կստեղծվի համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստավայր, որտեղ այցելուները հնարավորություն կունենան սովորել և սահել տարբեր բարդության դահուկային սահուղիներով: Հանգստավայրը նախատեսված կլինի նաև միջազգային մակարդակի սպորտային մրցումներ անցկացնելու համար: Հանգստավայրը կգործի ամբողջ տարի և կունենա օրական 2000 այցելուի պատշաճ ընդունելու և բարձրակարգ սպասարկելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Լեռնադահուկային հանգստավայրի կառուցման տարածքը կկազմի 584 հեկտար: Ծրագրի շրջանակում կկառուցվեն 3 ճոպանուղի և լեռնադահուկային ուղիներ: Այս փուլում նախատեսվում է բազայի կառուցումը, որտեղ կլինեն հյուրանոցներ, առևտրային հարթակներ, ռեստորաններ, խանութներ, օժանդակ այլ կառույցներ: