7 մարտի 2018 - 15:04 AMT
Վրուբելի գողացված կտավը կցուցադրվի Ռուսական արվեստի թանգարանում

Մարտի 17-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կմեկնարկի «Գողացված «Վրուբելի» Վերադարձը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է «Արարատ» թանգարանը, ասվում է թանգարանի ֆեյսբուքյան էջում:

2017-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեց 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը:

«Վրուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը ստեղծվել է Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ (1891 թ.) շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակներում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել են հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էին «Դևը» պոեմին»,-ասվում է գրառման մեջ:

Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է: