7 մարտի 2018 - 16:13 AMT
ՄԱԿ. Հայաստանը ծերացող հասարակությունների վերին շեմին է

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին: Գործող սոցիալական ծառայությունների ներկայիս համակարգը չի բավարարում տարեցների սոցիալական, հոգեբանական, իրավական, առողջապահական, բնակարանային ապահովության կարիքների ամբողջական ծավալը: Այդ մասին ծերաբուժության խնդիրներին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր Արթուր Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ խնամքի կարիք ունեցող տարեցներին մատուցվող սոցիալական և առողջապահական ծառայությունների որակը և մատչելիությունը, հայտնում է Panorama.am-ը։

«Ընդհանրապես բացակայում են ծերաբուժական և բուժքույրական նեղ մասնագիտացված ծառայությունները։ Տարեցները սեփական իրավունքների և գործող ծառայությունների վերաբերյալ ունեն իրազեկվածության ցածր մակարդակ։ Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ գերազանցում է»,- նշել է ՀԿ հիմնադիրը՝ հավելելով, որ մոտեցումները փոխելու խնդիր կա։

«Մեր գերակա նպատակն այս ոլորտում մասնագետների բացը լրացնելն է, հանրապետությունով ներդնելով ծերաբուժության ծառայությունների համակարգ, բարելավել տարեցների խնամքի որակը, պատրաստել խնամքի մասնագետներ»,- շեշտել է Թորոսյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ Հայաստանը շուտով կհատի այդ շեմը՝ 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոս։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՀ կառավարությունը, սոցապնախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն այս պահին ձեռնարկում են բազմաթիվ քայլեր, տարբեր ռազմավարական ծրագրեր են մշակում՝ ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ազգային ծրագիրը վերամշակելու հետ կապված։

Լրագրողների հարցին, թե կկարողանանք 2040 թվականին ունենալ 4 մլն բնակչություն, ինչպես ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Աննա Հովհաննիսյանը պատասխանել է. «Մենք օգտագործում ենք այդ 4 մլն-ը որպես հստակ ուղենիշ, ունենք նպատակ և պետք է ամեն ինչ անենք, որ դրան հասնենք»։