7 մարտի 2018 - 17:06 AMT
Almazian Symphony-ն լեգենդար Seven Nation Army երգի իր տարբերակն է թողարկել

Almazian Symphony նվագախումբը հայտնի White Stripes խմբի Seven Nation Army երգի քավըր-տարբերակի նոր տեսահոլովակն է թողարկել: Այն առաջինն է ու միակը, որը կատարվել է դասական քրոսովերի (classical crossover) ժանրում:

Seven Nation Army-ն Almazian Symphony-ի Pop Symphony դեբյուտային ալբոմի թրեքերից մեկն է, նոր տեսահոլովակն էլ նվիրվել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, այդ թվում՝ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:

«Գործիքավորում անելը հայտնի պրոդյուսեր Մարկ Դի Դոմենիկոյինն էր, որը նաև իմ գործընկերն է: Չնայած, երբ առաջին անգամ լսեցի օրիգինալը, հրաժարվեցի այդ գաղափարից, որովհետև բացարձակ չէի պատկերացնում, թե ինչպիսին այն կստացվի վերջում, ինչպես կհնչեն սոլո-ջութակն ու նվագախումբը»,- PanARMENIAN.Net-ին ասաց նվագախմբի հիմնադիրն Խաչատուր Ալմազյանը:

Նրա խոսքով՝ չնայած Մարկի հետ պայմանավորվել էին, որ եթե ինչ-որ բան չհավանի, աշխատանքն էլ չեն շարունակի, վերջինս խնդրեց իրեն գոնե փորձել:

«Արդյունքում դա դարձավ իմ սիրելի թրեքը մեր ալբոմից: Գործիքավորումն արեցին ֆրանսիական շոու-բիզնեսի աստղերը՝ Քվենթին Բաշլեն ու Ժակ Էրարը: Ի դեպ, մի հաճելի մանրուք էլ կա: Լեգենդար ու իմ շատ սիրելի ու Apocalyptica խմբի պրոդյուսերի հետ մի քանի զրույց եմ ունեցել, և նա խոստովանեց, որ խումբն էլ էր ուզում այս երգի քավըրն անել, բայց երբ լսել են մեր ձայնագրությունը, հրաժարվել են այդ գաղափարից՝ այդքան հավանել էին մեր տարբերակը»,- ասաց Ալմազյանը:

2004-ին Seven Nation Army-ն «Գրեմմի» մրցանակ էր ստացել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում: Այն ավելի հայտնի է որպես ֆուտբոլի երկրպագուների ոչ պաշտոնական հիմն ամբողջ աշխարհով մեկ:

Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: