7 մարտի 2018 - 18:27 AMT
Զախարովան՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. ՌԴ-ն արել է հնարավորը

ՌԴ-ն հասկանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ինչը բխում է այդ երկու երկրների շահերից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հարցին:

«Ռուսական պատվիրակությունը ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և ակտիվ մասնակցություն ունեցել: Մեր վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մնում է ակտուալ: Մենք մեր կողմից միշտ արել ենք հնարավոր ամեն բան այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Զախարովան:

Մարտի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարեց: Նա շեշտել էր, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետությունները ունեն միջազգային հանրության առջև, կոպիտ ձևով չի վավերացրել այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»:

2015 թվականի փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: