7 մարտի 2018 - 18:54 AMT
Ընտանիքում բռնության կանխարգելման պետական լիազոր մարմին կստեղծվի

Կառավարությունը մտադիր է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով սահմանվելու են խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները: Խորհուրդը բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչվելու:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կմշակվեն ընտանիքում բռնության կանխարգելման, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների:

Խորհուրդը կիրականացնի հանրության իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմ կստեղծի: Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: