9 մարտի 2018 - 12:16 AMT
ՄԱԿ-ը ՀՀ-ում նոր համակարգող ունի

Մարտի 6-ին ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն իր հավատարմագրման նամակների պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ գործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրագործմանը։

Շարփը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարությունը ունեն սերտ և արդյունավետ գործակցության ավելի քան 25 տարվա փորձ։ Իրագործված ծրագրերի լայն շրջանակը, ինչպես նաև այլ օժանդակության հատկացումը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի կողմից՝ կառավարության, դոնոր համայնքի և քաղաքացիական հասարակության հետ գործակցաբար, երկրում զգալի դրական ազդեցություն են թողել սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարն ու մշտական համակարգողը նաև ընդգծել են, որ Օրակարգ 2030-ի շրջանակում Հայաստանի պարտավորությունների ու տեղայնացված Կայուն զարգացման նպատակների կատարումը ընդհանուր առաջնահերթություն են կողմերի հետագա համատեղ նախաձեռնությունների համար։ Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ռազմավարական գլխավոր նպատակն է այս գործում Հայաստանին լրացուցիչ օժանդակություն հայթայթելը։

Շարփն ընդգծել է, որ նորարարական կարողությունները որպես լծակ օգտագործելը, այդ թվում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնը՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ մի նախաձեռնություն, հանդիսանում է վերափոխումներ արագացնող կարևոր ռեսուրս։