10 մարտի 2018 - 10:22 AMT
ԱՄՆ նախկին կոնգրեսականը պատմել է՝ ինչպես է հայ զինվորն իր կյանքը փրկել

Հայ զինվորը փրկել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Մարկ Քըրքի կյանքը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մասին պատմել է ինքը՝ նախկին կոնգրեսականը Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»,- ասել է Քըրքը:

Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ դեռևս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից, Հայաստան ժամանելով այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով:

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի և հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից», - պատմել է նախկին կոնգրեսականը:

Ըստ նրա, հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար է եղել, և անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը՝ առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: