10 մարտի 2018 - 11:20 AMT
Թուրքիայում ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակից ազատ է արձակվել

Ստամբուլի դատարանը որոշել է ազատ արձակել ընդդիմադիր Cumhuriyet-ի 2 աշխատակցին: Երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատվել են գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն և թղթակից Ահմետ Շիկը:

Մեկ տարուց ավելի կալանավայրում անցկացրած լրագրողներին նախկինի պես ազատազրկում է սպառնում ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ շարժման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Մեղադրանք է ներկայացվել թերթի ընդհանուր առմամբ 17 աշխատակցի: Կալանավայրում է մնում թերթի գործադիր տնօրեն Աքին Ալթայը: Ստամբուլի դատախազությունը մեղադրյալների համար պահանջել է 7,5-43 տարվա ազատազրկում, գրում է Deutsche Welle-ն:

«Տոնելու ոչ մի առիթ չունենք, մեր գործընկերները դեռևս ճաղերի ետևում են: Թուրքիայի խնդիրները մեր ազատ արձակմամբ չեն լուծվել»,-հայտարարել է Շիկը:

Փետրվարին մի քանի թուրք լրագրող ցմահ է դատապարտվել Գյուլենի հետ կապերի մեղադրանքով, այդ թվում Taraf թերթի գլխավոր խմբագիր Ահմետ Ալթանը, գրող Մեհմեդ Ալթանը, ինչպես նաև հայտնի լրագրող Նազլի Իլիչակը: Թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016-ի հուլիսին պետական անհաջող հեղաշրջման կազմակերպման մեջ, որի ժամանակ ավելի քան 200 մարդ սպանվեց: