12 մարտի 2018 - 13:38 AMT
Չեխիայի՝ ցեղասպանությունների առաջին թանգարանում 1915-ին առնչվող նյութեր են ցուցադրված

Չեխիայում Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից բացված՝ ցեղասպանություններին նվիրված առաջին թանգարանում ցուցադրված են 1915-ին առնչվող նյութեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշվում է, որ թանգարանի ղեկավարությունը ծրագրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի օժանդակությամբ ընդլայնել և հարստացնել թանգարանի հայկական հավաքածուն։

Նորաբաց թանգարանում ցուցադրված են նաև Հոլոքոստին նվիրված ցուցանմուշներ:

Թերեզինշտադտի Ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնին կից թանգարանն իր տեսակում առաջինն է Չեխիայի Հանրապետությունում: Թանգարանի բացման օրն ընտրվել էր ի հիշատակ 1944թ. մարտի 8-9-ի գիշերը Լեհաստանի տարածքում գտնվող Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից դաժանաբար սպանված երեք և կես հազարից ավելի Թերեզինից տեղափոխված Չեխոսլովակիայի քաղաքացիների։