14 մարտի 2018 - 13:45 AMT
Հայկական կոշիկները` միջազգային Mosshoes ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ՀՀ 8 ձեռնարկություն աշխարհի ավելի քան 1000 ապրանքանիշերի շարքում մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է Mosshoes 2018 կոշիկի և կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։

Mosshoes միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին և խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։ Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական և փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ և այլ արտադրատեսակներ։

2017-ի գարնանը և աշնանը կայացած Mosshoes էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել են մոտ 682 միլիոն դրամի արտահանման պայմանագրեր։

«Mosshoes-ը Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետևելու միջազգային միտումներին և, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:

Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» և «Բեբետա» ապրանքանիշերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը միջազգային էքսպոյին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է արտահանման խթանման ՀՀ կառավարության քաղաքականության շրջանակում։